Գլխավոր Ավելին

Հերթական բարդ դեպքը

79-ամյա կինը ընդունվել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք՝ գանգատվելով կայուն բարձր ջերմությունից, խիստ արտահայտված թուլությունից:

Կատարված նախնական հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է անհայտ էթիոլոգիայի սեպսիս, կատարված մի շարք գործիքային հետազոտությունների արդյունքում ինֆեկցիոն օջախ չի հայտնաբերվել:

Չնայած ինտենսիվ բուժմանը՝ պացիենտի մոտ վիճակի լավացում չի դիտվել, ապա ի հայտ են եկել հանկարծակի ինտենսիվ ցավեր կրծքավանդակում, հևոց, շնչարգելություն, մոնիտորի վրա՝ հաճախասրտություն:

Շտապ հրավիրվել է սրտաբանի խորհրդատվություն, կատարվել են էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, որոնց հիման վրա ախտորոշվել է սրտամկանի ST էլևացիայով սուր ինֆարկտ: Կատարված էխոսրտագրությամբ նաև աորտալ փականի վրա հայտնաբերվել է շարժուն գոյացություն՝ վեգետացիա:

Պացիենտը շտապ կարգով տեղափոխվել է Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունք՝ կաթետերիզացիոն լաբորատորիա: Կատարվել է կորոնար անգիոգրաֆիա, հայտնաբերվել է ձախ առաջային վայրէջ զարկերակի պրոքսիմալ հատվածի օկլյուզիա (100% խցանում, ենթադրյալ թրոմբ):

Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ղեկավար Արմեն Օքրոյանի, ինտերվենցիոն սրտաբան Հովհաննես Թումանյանի կողմից (բուժող բժիշկ՝ սրտաբան Ալինա Գալստյան) իրականացվել է վերոնշյալ զարկերակի և 1-ին դիագոնալ զարկերակի ասպիրացիա, որի արդյունքում ասպիրացիոն կաթետերից հանվել է սպիտակադեղնավուն զանգված, որից հետո կորոնար զարկերակներում դիտվել է արյան հոսքի լիարժեք վերականգնում՝ առանց նեղացումների:

Հետագա հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հեռացված զանգվածը իրենից ներկայացնում է պոկված վեգետացիա (էմբոլ)։

Միջամտությունից հետո կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով և նորմալ էխոգրաֆիկ պարամետրերով պացիենտը տեղափոխվել է Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

×
facebook sharing button facebook